Զատկի սեղանը յուրօրինակ ու շքեղ դարձնելու համար առաջարկվում է Կուլիչի անկրկնելի, անչափ հետաքրքիր և աննկարագրելի համեղ տարբերակ:
Խմորային զանգվածն ստանալուց առաջ նախապատրաստել թթխմորային մասը. գոլ կաթի մեջ լուծելով երկու ճաշի գդալ խմորիչը՝ տասնհինգ րոպե թողնել խմորվելու համար:
Նախ թաց բաղադրիչները միավորել և հարիչով փրփրացնելով սպիտակեցնել: Ալրասոդային խառնուրդը մաղել տարրայի մեջ. մեջտեղում բացված փոսիկի մեջ լցնել մեր փրփրած զանգվածը, հետո նաև խմորված կաթը: Հարիչով բերել համասեռության:
Տարրայի պատերը ձեթապատել, խմորը՝ ևս: Թողնել մոտ մեկուկես, երկու ժամ հանգստանա: Խմորային մասսան բաժանելով երկու մասի՝ առանձին մասերի հետ վարվել հետևյալ կերպ.
Բացել յուրաքանրյուր գնդիկ լավաշի բարակության, վրան տարածել նախօրոք ստացված չամչի, շաքարի, ձեթի, դարչինի և մեղրաջրի խառնուրդից ստացված խորիզանման զանգվածը: Խմորը պտտելով՝ բերել գլանաձև տեսքի: Հետո մեջտեղից երկայնքով բացել, հյուսել: Կիսալուսնաձև պտտել ու փոխադրել կալկայապատ թավա: Թավայում թողնել մի որոշ ժամանակահատված՝ խմորային շերտերը կրկին բարձրանալու և իրար կպնելու համար:
Վերջում մեղրաջուր ցողել և քունջութ տարածել: