«Երբ թշնամու արկի ձայնը պայթեց Արցախի խաղաղ երկնքում, ես առաջնագծում էի․․․»

Արտակ Հովհաննիսյանը Ալբերտի անունից գրում է․ «Երբ թշնամու արկի ձայնը պայթեց Արցախի խաղաղ երկնքում, ես առաջնագծում էի, զինվորի ու պաշտպանի դերում ու առանց պատճառահետևանքային դիտարկումներ անելու, ինձ նվիրեցի պաշտպանության գործին:

Գործի դրեցի հրետանին ու ամենայն պատասխանատվությամբ փորձեցի անել ամեն ինչ, չձախողելու համար ինձ վստահված գործը՝ երկրորդ պլան մղելով քնի անտանելի պահանջն ու հոգնածությունը, քաղցն ու պատերազմական գոտու խլացնող աղմուկը, անգամ անտեսելով այն վտանգը, որ վաղվա խաղաղ օրում ընտանիքիս կողքին լինելու ու ի բարօրություն հայրենիքիս մի լավ գործ անելու հնարավորությունից էլ գուցե զրկվեմ:

Ու գիտեք, պատերազմը ինչ-որ ժամանակահատվածում ու առաջնագծում չէ միայն , թեև դրա լրջությունն ու դրան նախորդող օրերի չարած գործերն ու բացթողումները պատերազմի դաշտում են հենց բացահայտվում: Բայց այնուամենայնիվ, պատերազմն ամեն օր ես տանուլ տալիս, երբ քո դերում քո գործը բարեխիղճ չես անում:

Երբ ծուլությունը հաղթում է պատասխանատվությանը ու քեզ բաժին ընկած վերացական քարը լավ չես հղկում, որից սյուներ են կառուցվում, որի վրա պետությունն է վեր խոյանում: Ինչպես ասում են, հայրենիքի համար կյանքը զոհելն ավելի հեշտ է, քան հանուն նրա ապրելը:

Մեզ բաժին ընկավ հեշտ ճանապարհը, իսկ դուք, որ ապրում ու արարում եք, արարե՛ք բարին, հզորացրե՛ք հայրենիքը, ամեն մեկդ ձեր մասնագիտական ոլորտում ու տեղում պատվով արարե՛ք: Աստծո կամոք,այժմ ավելի քան երբևէ, միասնական լինենք մենք երկնքից, իսկ դուք՝ հայրենի հողին ամուր կանգնած, հայրենիքը շենացնելու վեհ գործին լծված ու թույլ չտանք բացթողումներ:

Խելքով ու խելամտությամբ, առողջ դատողությամբ կառուցենք վաղվա պայծառ ու երանելի օրը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: