Սոս Ջանիբեկյանը այն դերասաններից է, ով կանգնած է ժողովրդի կողքին։ Նա ակտիվորեն քաջալերում և մասնակցություն է ցուցաբերում այնպիսի ծրագրերի, որոնք աշխատում ու զարգանում են ի շահ ժողովրդի բարօրության։ Սակայն, դերասանը քննադատվում է իր խոսակցական, ազատ խոսքի համար։ Այս առիթով Ջանիբեկյանը գրառմամբ է հանդես եկել, որտեղ բացատրել և որոշակի մանրամասներ է ներկայացրել։
Դերասանը մասնավորապես գրել է․ ««100 Տուն Արցախում» նախագծի շրջանակներում, ես՝ որպես հաղորդավար, խոսում եմ շատ խոսակցական, երբեմն էլ սլենգով, քննադատության եմ արժանանում, երևի տեղին, բայց երբեք չեմ պատկերացնում գյուղացի տրակտորիստին «ուստա ջան, մի հատ կիջնե՞ս փորձեմ ես քշեմ»-ի փոխարեն, որ պիտի ասեմ. «Հայրի՛կ ջան ,կիջնե՞ք այդտեղից փորձեմ ինքս վարել»:
Կամ էն տղա էրեխեքին, որ 14 ժամ հայաթներում են. «Ախպերներ ի՞նչ կա չկա, լավ ա սաղ»-ի փոխարեն ասեմ. «Եղբայրնե՛ր, ի՞նչ կա չկա, լա՞վ է ամենը»։ Ներող եղեք․․․ վստահ եղեք, կարող եմ խոսել ոսկեղենիկ հայերենով, բայց կկորցնեմ նրանց հետ անմիջական շփումը, ինչն ինձ համար ավելի կարևոր է:
Եթե մենք կարողանանք մեր խոսակցականի և ոսկեղենիկ հայերենի միջինը գտնել, ինչը փորձում եմ ես անել, երբեմն թույլ տալով ինձ դուրս գալ անթույլատրելիի սահմանից, մենք չենք ունենա կեղծ ընկալվող ներկայացումներ թատրոններում, որտեղ սոլֆեջոյի մասնագետը և հանցագործը խոսում են նույն լեզվով կամ ֆիլմեր, որտեղ փողոցայինը և քիմիայի ուսուցչուհին խոսում են նույն ոսկեղենիկ հայերենով և չենք ունենա ծայրահեղ տգեղ փողոցային ժարգոն:
Շնորհակալություն ուշադրության համար: Թող քարկոծվեմ ես լեզվի մասնագետների կողմից, բայց ընկալելի լինեմ գյուղի ժողովրդի համար»։