Ինչպես հայտնի է, Ալիևը այց է կատարել Քարվաճառ և ելույթներով հանդես եկել։ Կատարել հերթական պատմությունը խեղաթյուրող հայտարարությունները։ Նշել է, որ ճանապարհը, որտեղ հիմա նրանք կանգնած են, հայերի կառուցածն է։
Նրանք դա արել են, որպեսզի կարողանան հեշտացնել դեպի Ղարաբաղ մուտքերն ու ելքերը։ Նշել է, որ այդ ճանապարհը տանում է դեպի Բասարգեչար (նկատի ունի հայկական Վարդենիսը), որը նրանք համարում են հին ադրբեջանական տարածքներ և այդ մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է։
Ալիևը հավելել է, որ 1930 թ․ ստեղծվել է մի շրջան, որն այդպես էլ անվանվում էր Բասարգեչարի շրջան և այնտեղի բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ են եղել։ Հավելել է, որ ադրբեջանցիներ են եղել Սոթքի բնակիչները նույնպես։ Ադրբեջանի նախագահի խոսքով այդ տարածքներից նրանց արտաքսել են հայերը։
Ընդգծել է՝ այդ իրադարձությունները կատարվել են 1930-ին, իսկ 1969-ին հայերը նոր միայն վերանվանեցին։ «Ես խնդրում եմ, ռեպորտաժներում և մեր բառապաշարում օգտագործել ոչ թե Վարդենիսը, այլ վերականգնել Բասարգեչար անվանումը»,- հայտարարել է Ալիևը։
Նախագահի կողմից հնչած նման հայտարարությունը տարաբնույթ քննարկումների ալիք է բարձրացրել։ Բազմաթիվ օգտատերեր նշում են, որ պատմության հերթական խեղաթյուրումն է ադրբեջանցիների կողմից, այն էլ՝ պետական մակարդակով։