Հովհաննես Պապիկյանը գրում է․ «ԲԱՐԻ օր, ազնիվ հայեր, որ հեռու եք ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՉՎՈՂ ՉԱՐԻՔԻՑ: Դերասանուհի, իմ լավ ընկեր Մարիանուշ Գրիգորյանը զանգահարեց իմ այգում առայժմ «կալանավորվածիս», թե՝ Ժենյա Ավետիսյանին տեղափոխել են «Նաիրի» բուժկենտրոն, եւ նա հիմա վերակենդանացման բաժանմունքում է:
Ցավեցի, իմ ունեցած ցավերից ավելի ցավեցի Ժենյայի համար, ում ծննդյան 80-ամյակը մի շաբաթ առաջ էինք շնորհավորել: Ես հեռախոսազանգով էի բավարարվել, ու Ժենյան ներել էր ինձ: Իսկ Մարիանուշ Գրիգորյանն ու Անահիտ Նավասարդյանը գնացել էին տեսությամբ շնորհավորանքի: Մարիանուշը երգել էր, պարել, կատակներով ցրել էր Ժենյայի՝ սունդուկանցի դերասանների անտարբերությունից ծնված թախիծը:
Իր կոլեգաների ոչ մարդկային այդ անուշադրությունից արդարացի, շատ արդարացի վիրավորված էր Ժենյան, ու նրա առողջական խնդիրներին գումարվել էին նաեւ փխրուն սրտի տեր դերասանուհու հոգեկան ապրումները:
-Սունդուկյանի թատրոնից ոչ մեկը չեկա՞վ, Ժենյա,-հարցրել էր Մարիանուշը:
-Չէ, Մարիանուշ ջան, չեկան… ոչ էլ զանգահարեցին,-ասել էր Ժենյան, ու տխրությունն ու վիրավորանքը՝ արդարացի՛ վիրավորանքը Ժենյայի աչքերից արցունք էին բերել:
Մարիանուշը, շատ ազդված Ժենյայի հոգեկան այդ ապրումներից, հեռախոսով ինձ պատմում է այս ամենը, իր անկեղծ, հախուռն բնույթին համազոր մի քանի թթու խոսք է շպրտում Ժենյայի կոլեգաների հասցեին ու դերասանի իր հունարներով փորձում է Ժենյային շեղել նրա այդ վիճակից:
-Կարողացա՞ր շեղել, Մարո,-հարցրի:
-Մի քիչ փոխվեց, անուն առ անուն հիշեց նրանց, ովքեր զանգահարել-շնորհավորել էին:
…Բայց ահա հուլիսի 16-ի այդ օրվանից մեկ շաբաթ անց Մարիանուշն արդեն «Նաիրի» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է տեսնում համարյա անշարժ ու անխոսել պառկած Ժենյային: Աստված տա, որ Ժենյան վերագտնի իրեն: Աստված տա, որ ծննդյան 80-ամյակը ապրելու շարունակություն բերի նրա կյանքին:
Իսկ դո՛ւք, Սունդուկայնի թատրոնի դերասաններ կոչվող անշնորհակալներ, անշնորհքներ, որ ձեր առտնին հոգսերի մեջ մոռացել եք բարոյական չափանիշները, մոռացել եք ձեր ընկերոջը, ում արտիստական փայլի տակ դուք ժամանակին ձեզ մարդ եք զգացել, չփորձեք հետո, շատ հետո Ժենյայի մասին որեւէ խոսք ասել նրա արտիստական տաղանդի, նրա մարդկային կերպարի, նրա հետ թատերական մի հարկի տակ լինելու ձեր ուրախության մասին: Դուք արդեն չունե՛ք դրա իրավունքը: (Արմեն Էլբակյանի հեռախոսազանգը պարզապես птичка դնելու քայլ է եղել ընդամենը):
Եվ ես այսօր, Աստծուց խնդրելով Ժենյայի ապաքինումը, ձեզ պիտի հիշեցնեմ իմ շատ սիրելի Վազգեն Առաջին Վեհափառի խոսքերը: Դրանք օղ արեք ձեր անտարբեր ականջներին: Ահավասիկ. «Մարդ անհատի հոգու զարդը, գերագույն պարծանքը ԲԱՐՈՅԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ Է»: Առողջություն քեզ, Ժենյա սիրելի»: