«Գլուխս վախվորած թեքեցի վերև ու վրաս կարմիր անձրև թափվեց․․․»․ անմահացած հերոսի նոթատետրից

Անմահացած տղաների սխրանքները շատ են և անվերջ  կարելի խոսել ու հպարտանալ և այդ հպարտության տակ թաքցնել եզր չունեցող տխրությունը։ Անմահացած հերոս Շանթ Նավոյանն իր տետրում որոշ մանրամասներ ունի գրած, որոնք կարդալով ընկղմվում ես անծայրածիր տխրության ու վշտի մեջ։

Տխուր էջերից մեկում Շանթը գրում է, որ կռվի երրորդ օրը, երբ կրակային կետում կրակում էին, իրենից երեսուն մետր այն կողմ աչքը զարնել է մեծ, կարմիր պտուղներով նռնենի:

Կռիվը շարունակվում էր։ «Երկու օր ոչինչ չընդունած ստամոքսս ու կռվի լրջությունը պատկերացնող ուղեղս սկսեցին պատերազմել», — գրել է Շանթը, ապա հավելել,  որ, այնուամենայնիվ, ուշքն ու միտքը  ծառին մոտենալը և նուռ խժռելն էր:

Հանկարծ ականջին սուլոց է լսվում։ Երբ Շանթը բարձրացնում է գլուխը, դեմքին կարմիր անձրև է թափվում։ Հերոսը սկսել է կանչել բոլոր տղաներին և համոզվելով, որ բոլորը կողքին են, ողջ են՝  նկատել է, որ նռնենին չկար։

Արկն ընկել էր ուղիղ վրան և փոշիացրել… «Հիմա նրա տեղում մուգ ծուխ էր բարձրանում: Տպավորություն էր, որ ընկեր եմ կորցրել․․․ իմ ուղղությամբ կրակած առաջին արկը իր վրա վերցրեց նռնենին»,- մանրամասնել է Շանթը։ Խոնարհում քեզ, հերոս․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: