Ամռանը՝ հուլիսի 23-ին Աթասյան Արմանը ծանր վիրավորում էր ստացել Գեղարքունիքի հայկական սահմանագոտում զինծառայություն իրականացնելիս։ Նրա վիճակը խիստ մտահոգիչ էր ու ծայրահեղ ծանր էր բնորոշվում մասնագետների կողմից։
Գրեթե երկու ամիս տևած բուժման արդյունքում Արմանն օրերս տուն է վերադարձել։ Հիվանդանոցային բուժումը եղել է անվճար։ Նա հիվանդանոցից դուրս է գրվել դարձյալ այնտեղ վերադառնալու համար, քանի որ մի որոշ ժամանակ անց նրան նորից բարդ վիրահատություն է սպասվում, որը լինելու է աղիների շրջանում։
Բուժման ընթացքում հեռացվել է Արմանի երիկամը։ Նրա հայրը նշում է, որ իրենց բացի բժշկական անվճար ծառայությունից պետության կողմից այլ որևէ օգնություն չի տրամադրվել, իսկ տղայի թոշակի հարցը շարունակում է չլուծված մնալ։
Արմանը վիրավորումից հետո ազատվել է զինծառայությունը շարունակելու պարտականությունից։ Հիշեցնենք, որ հուլիսի քսաներեքին Կութի մոտակայքում Արմանի հետ վիրավորում էին ստացել նաև պայմանագրային զինծառայողներ Նավոյան Լեռնիկը և Օհանյան Յուրիկը։