Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան իր օգտահաշվում պատմել է 104-ամյա տատիկի մասին, ով պատերազմի օրերին մեկ միլիոն դոլար է փոխանցել։ Տատիկի՝ Քնարիկ Մարկոսյանի ընտանիքը գաղթի միջով է անցել։ Գայանե Ասլամազյանը այցելել էր տատիկին։ Այցի վերաբերյալ մանրամասները Գայանեն գրառել է իր սոցհարթակում։ Նա մասնավորապես գրել է․ «Լուսանկարում Քնարիկ (Knarig Markosyan )տատիկն՝ է 104 տարեկան:
Նրա ընտանիքը գաղթ է տեսել և զգացել կոտորածի ողջ արհավիրքը: Մեր հայրենակցուհին 44-օրյա պատերազմի ժամանակ նվիրաբերեց 1 000000 ԱՄՆ դոլլար: Երբ գնացինք տեսակցության, հանդիպեցի այս հրաշք էակին, ով իր կերպարով բարություն էր սփռում իր շուրջը և շատ սթափ բանականություն ուներ: Խոսքի մեջ նա ասաց.«Ես գումարը փոխանցել եմ, որ հանկարծ իմ երկիրը քարտեզի վրայից չջնջվի»:
Ամոթից ու ցավից խեղդվում էի, որովհետև խայտառակ պարտությունից մի քանի օր արդեն անցել էր…Մինչ մեր հանդիպումը ոչ ոք չէր կարողացել իր վրա վերցնել ճշմարտության բեռն ու ասել. «Տատի ջան, այն ղեկավարությունը, որին դու վստահել էս այդ գումարը,երկիրդ հետևողականորեն, քայլ առ քայլ վերացնում է քարտեզի վրայից»:
Մենք էլ լռեցինք այդ մասին: Այս տատիկը ողջ մարմնացումն է այն ամենի, ինչի միջով անցել է մեր ազգը: Նրա ծնողները Վանից Արազի ափով, փոքր տղային գրկած , փախել և ոտքով հասել են Երևան: Ինչպես տատին է ասում.«Հետևը՝ սուր, առաջը՝ ջուր»: Չե՞ք ամաչում մեր մեծերից: Չե՞ք ունեցել թուրքի սուրը տեսած տատիներ ու պապիներ: Էս ե՞րբ սենց թրքացաք:
Քնարիկ ( չի սիրում, երբ տիկին կամ տատիկ ես դիմում), Աստված թող քեզ երկար կյանք տա, ու քեզ պես բարի մարդկանցով շրջապատված լինես, որպեսզի երբևէ չիմանաս, որ հայը հային դավաճանելա, որ 1,5 միլիոն + 5000 զոհերը ոչինչ են հանուն առևտրի և թուրքի հետ եղբայրության: Մեր երկիրը ջնջում են քարտեզի վրայից…. Կներես…»: