Արտավազդի մասին լսե՞լ եք։ Ամենայն հավանականությամբ, այո՛: Այնուամենայնիվ, նշեմ․ Արտավազդն Արտաշես Ա Բարեպաշտի որդին է, որն իշխել է հոր վախճանվելուց հետո։
Այսպիսով, առասպելի համաձայն՝ Արտաշես թագավորի մահվան ժամանակ շատերն են ինքնասպան լինում։ Նպատակն էր՝ հանդերձյալ կյանքում ևս թագավորին ծառայել։
Գահաժառանգ Արտավազդը, տեսնելով, որ անթիվ ու անհամար մարդիկ են զոհվում, դիմում է հորը՝ ասելով, որ նա ողջ երկիրն իր հետ է տանում, ինքն ավերակների վրա ինչպե՞ս իշխի։ Հոր կամքին հակառակվելու և բազմամյա սովորույթը քննադատելու համար Արտաշեսն անիծում է որդուն։ Հայրական անեծքում ասվում է, որ երբ Արտավազդը Մասիսի լանջերին որսի գնա, թող չար ոգիները նրան փակեն Մասյաց վիհում։ «Այնտեղ մնաս, լույս չտեսնես»,- ասում է հայրը։
Հայրական անեծքն անկատար չի մնում։ Մի անգամ Մասիսի լանջերին որսի ժամանակ չար ոգիներն առևանգում են անիծված արքայազնին և շղթայակապ անում Մասյաց վիհում։ Երկու հավատարիմ շները կրծոտում են նրա շղթաները, որպեսզի Արտավազդը դուրս գա այնտեղից և կործանի աշխարհը` ինչպես նա խոստացել էր։ Սակայն այստեղ փրկության են հասնում դարբինները։ Յուրաքանչյուր կիրակի նրանք մուրճով հարվածում են երկաթին։ Դրա հետևանքով շղթաները նախկին ամրությունն են ունենում։
Ի վերջո, ո՞վ էր Արտավազդը. գահաժառանգ արքայազուն, որը նախանձում էր հորը, թե՞ արքայազն, որը հոգատարություն է ցուցաբերում իր հպատակների հանդեպ։ Ինչու՞ հայրն անիծեց նրան։ Միգուցե այն պատճառով, որ նա խոսեց հօգուտ ժողովրդի, պաշտպանեց՝ ի հեճուկս նախնյաց ավանդույթների ու սովորույթների։