Ապրիլյան քառօրյան բոլորիս սրտերում արնահոսող վերքի նման է։ 2016-ի ապրիլը ոչ մի հայ երբեք չի մոռանա։ Երբ անդադար լուրերի ես սպասում ռազմաճակատից, երբ համացանցում մեկը մյուսի հետևից սարսափազդու լուրեր են, երբ թշնամու առաջխաղացման մասին ցանկացած լուրից հետո մտածում ես․ «միայն զոհեր քիչ լինեն»․․․
Հայրենիքն էր վտանգի մեջ։ Մեր հերոս տղաները կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի։ Արցախ՝ նրանց կողքին կանգնելու գնաց գրեթե ամբողջ հայ ժողովուրդը՝ երիտասարդ ու տարեց, կին, թե տղամարդ։ Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներին ևս մոռանալ չի կարելի։ Հայրենիքի համար դժվարին պահին նրանք ևս Արցախում էին։
Հայրենի հողի պաշտպանությունը զոհեր է պահանջում, հողը արյունով են պահում։ Ադամ Սահակյանը, Ռոբերտ Աբաջյանը, Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Սասուն Մկրտչյանը և մյուս զոհված անձնվեր զինվորները գիտեին դա և չխնայեցին իրենց կյանքը։
3 տարի է անցել։ Դեռ արցունքն աչքերին մայրը զոհված որդու ճամփան է պահում, հավատում է՝ նա մի օր կգա․․․
Իսկ մենք․․․ մենք ընդամենը կարող ենք վառ պահել մեր քաջ զինվորների հիշատակը, օրինակ՝ այսպիսի գեղեցիկ երգեր ձոնելով նրանց։