Մի ողջ երիտասարդ սերունդ կանգնեց մահի դիմաց և նայեց ուղիղ աչքերի մեջ, պայքարեց մինչև վերջին շունչը։ Միայն թե առաջ չգար ու չհասներ ընտանիքին։ Միայն թե վաղվա սերունդը հայրենիք ունենա։ Նրանց գործն անմահ է, սխրանքներն՝ անթիվ։ Անգիր իմանանք նրանց կերտած գործն ու սխրանքները ու խնամքով փոխանցենք սերունդներին և այդ ոգով դաստիարակենք ապագան։
Հավերժի ճամփան բռնեցին ամենալուսավորները։ Նրանց մեջ էին ապագա բժիշկներն ու իրավաբանները, տնտեսագետներն ու երկիրը շենացնողները։ Անի Քոչարը ֆեյսբուքյան կիր օգտահաշվում գրել է անմահացած հերոս Վազգենի մասին։ Վազգեն Գալստյանը ծնվել է 2002 թ․։ Դպրոցն ավարտել է գերազանցությամբ։ Մինչ կմեկներ ծառայության, ընդունվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը։
Նա ապագա գիտնական էր։ ֆիզիկայի խնդիրների լուծման մեթոդական ձեռնարկի հեղինակներից մեկը։ Ծառայում էր Ջաբրայիլում։ Երբ սկսվեց պատերազմը, նա երկու ամսվա ծառայող էր։ Հոկտեմբերի 2-ին ընկավ հանուն հայրենիքի։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» մեդալով։ Վերջերս մի գիրք է լույս տեսե, որը վերնագրված է «Բարևն էր մեղավոր»։
Այդ գիրքը նվիրված է անմահացած հերոս Վազգենի անմար հիշատակին։ Այն իրական պատմություն է՝ սիրո, երջանկության, երազանքների մասին, որն ընդհատվեց 2020 թվականի հոկտեմբերի 2-ին։ Հեղինակն ընթերցողին տանում է իր աշխարհն ու բացահայտում իր սիրելիի խորունկ հոգին՝ ստեղծելով նրա հետմահու լուսե հուշարձանը։
Գրքի վաճառքի ամբողջ հասույթը տրամադրվելու է «Վազգեն Գալստյան» գիտակրթամշակութային հիմնադրամին, որի նպատակն է տաղանդավոր երեխաներին (այդ թվում պատերազմում հավերժացած հերոսների քույրերին, եղբայրներին կամ զավակներին) աջակցել կրթության և արվեստի տարբեր ոլորտներում:
Գիրքը կարող եք ձեռք բերել Էջմիածնի գրախանութներից և Bookinist գրախանութի բոլոր մասնաճյուղերից։