Էդգարը և Վահեն ծնվել են միասին՝ երկվորյակներ են։ Առաքելյան զույգերն իրենց մանկությունն ու պատանեկությունը ևս միասին են անցկացրել՝ միաժամանակ մեկնելով զինծառայության։ Վահեն ու Էդգարը ծնունդով Հրազդան քաղաքից էին։
Մինչ զինծառայության մեկնելը երկվորյակ եղբայրները հասցրել էին երաժշտական քոլեջ ընդունվել։ Տղաները Առնո Բաբաջանյանի անունը կրող երաժշտական քոլեջի սան են եղել։
Հետագայում Վահեն ու Էդգարը նույն վայրում՝ իրարից անբաժան են անցկացրել իրենց զինծառայությունը։ Եղբայրների ծառայությունն անց է կացել նախ Կապանում, ապա զորավարժությունների բերումով՝ նաև Ջրականում, որտեղ էլ դիմավորել են հակառակորդին՝ տալով արժանի հակահարված։
Տղաները Գրադ կոչվող համակարգի վարորդներ էին։ Վահեն ու Էդգարը, միասին լուսյ աշխարհ գալով, միասին էլ հեռացել են աշխարհից՝ հոկտեմբերի մեկի թեժ մարտերի ժամանակ անմահանալով որպես հերոսներ։
Այսօր զույգ եղբայրները կդառնային քսանմեկ տարեկան, սակայն, ցավոք սրտի, մենք նրանց այլևս հավերժ քսանամյա են հիշելու ու փառաբանելու։