Այսօր թատրոնի և կինոյի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում: 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։
1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն է եղել, 2006-ից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
Սոս Սարգսյանը նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում: «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս» և այլն: Մեծանուն դերասանը, թերևս այն անհատներից է, ով շատերի ծնողը, ուսուցիչը, պապիկն է եղել: Իր բացառիկ հայի կերպարով լավագույն օրինակ էր շատերի համար: Երբեմն ֆիլմերի կերպարների միջոցով, երբեմն իր անձով խորհուրդներ ու խրատներ էր հասցնում հասարակությանը Նրա մտերիմները, հարազատները միշտ ընդծել են Սոս Սարգսյանի բարությունը, լավատեսությունը, լուսավոր հատկանիշները, որոնք դրական ներգործություն էին ունենում շրջապատի վրա: Մարդ, ով մշտապես փնտրտուքների մեջ էր, բոլոր ժամանակներում չէր դադարում ստեղծագործել, արարել:
Վարպետն իր մեծությամբ մեծ հետք թողեց ոչ միայն մեր մշակութային, այլև հասարակական կյանքում: Սոս Սարգսյանն իր կերտած դերերով, իր աշակերտներով, իր դաստիարակած մի քանի սերունդներով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես հայի բացառիկ կերպար:
Սոս Սարգսյանը կյանքից հեռացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին: