Այսօր դեռ առավոտից թեժ իրավիճակային զարգացումները լուսանցք էին մղել պատգամավորներից մեկի՝ Նաիրա Զոհրաբյանի ծննդյան օրվա մասին իրողությունը: Լրանում է նրա հիսունհինգամյակը:
Ակտիվ, սկզբունքային ու հետաքրքիր անհատական բնավորությամբ աչքի ընկնող Ն. Զոհրաբյանն անցել է կյանքի հետաքրքիր ուղի, որը լի է եղել անձնական ու մասնագիտական բազմաթիվ հետաքրքրաշարժ դեպքերով ու իրադարձություններով:
Մասնագիտությամբ թատերագետ Ն. Զոհրաբյանն աշխատել է որպես լրագրող, թերթերին թղթակցել է որպես քաղաքական մեկնաբան, որից հետո էլ մտել է քաղաքական դաշտ ու մինչ այժմ զբաղվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ:
Զուգահեռաբար նա բազմաթիվ թատերագիտական հոդվածներ է գրել և հրապարակել տեղական և միջազգային հարթակներում:
Ալեն Սիմոնյանը, ձայնի իրավունք խնդրելով, այսօր մոտեցավ ամբիոնին, Ն. Զոհրաբյանին հիշեցրեց, թե ինչ վերաբերմունք ունի ինքը նրա հնչեցրած քննադատական վերաբերմունքի և խորհուրդների նկատմամբ, ապա մի րոպե ժամանակ խնդրեց ու դուրս եկավ:
Վերադարձավ վարդերի մեծ փնջով՝ շնորհավորելով նրա ծննդյան օրը և մաղթելով, որ նրա գեղեցիկ ներկայությունը միշտ լինի ԱԺ դահլիճում: