Այսօր Միայնակ Գայլի՝ Արայիկ Խանդոյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 49 տարեկան։ Խանդոյանը ծնվել է 1971-ի ապրիլի 19-ին՝ Արագածոտնի Վերին Սասունիկ գյուղում։ Նրա արիությունն ու անսահման նվիրումը հայրենիքի հանդեպ նա դրսևորել 1988ից՝ 17 տարեկանից։
Նա Ծաղկահովիտ գյուղին մոտ գտնվող խորհրդային ռազմաբազայից զենք էր հայթայթում և տրամադրում կամավորական ջոկատներին։
1989-ին զորակոչվել է ԽՍՀՄ բանակ, բայց 1990ին արձակուրդից դասալքություն է արել՝ մեկնելով Արցախյան պատերազմ, որտեղ էլ ստացել է «Միայնակ Գայլ» մականունը՝ իր բացառիկ որակների համար։
Արայիկի ընտանիքն իրական հայրենասեր ու պարկեշտ ընտանիքի օրինակ է․ արցախյան հերոսամարտին նրանք չորս եղբայրով էին մասնակցում՝ Արարատի, Արթուրի ու Հունանի հետ: Հունանը զոհվել է պատերազմում՝ անմահացնելով իր անունը։
Ողջ կյանքի ընթացքում Միայնակ Գայլը պայքարել է անարդարության դեմ։ Մասնակցել է «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությանը, «Սանսա Ծռեր» խմբավորման կազմում գրավել է ՊՊԾ գունդը։
Նրա անունն անմահ կմնա բոլորի սրտերում, իսկ նրա սիրտը չի դիմացել․ նա կաթվածից մահացել է 2018ի հոկտեմբերի 9-ին։ Հուղարկավորվել է Եռաբլուրում։