Հայտնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանն այսօր բոլորում է ծննդյան քառասունչորս տարին։ Լուիզան ծնունդով Երևանից է, իսկական անունը Ելիզավետա է։
Նա դպրոցական տարիներին հաճախել է մարիոնետների թատրոն, ավագ դպրոցում ուսանել անգլերեն-պարսկերեն բաժնում։
Հետդպրոցական կրթությունը շարունակել է Թատերական ինստիտուտում։ Ուսանողական տարիներին Լուիզան գնացել է Մոսկվա՝ Մայակովսկու թատրոնում խաղալով «Անտիգոն» ներկայացման մեջ։ Այս ներկայացման մեջ հանդես գալու հրավերը Լուիզան ստացել է Արմեն Ջիգարխանյանից։
Դերասանուհին հանրային լայն շրջանակներին առավել հայտնի ու ճանաչելի դարձավ 2000 թվականից, երբ հանդես եկավ «Պահմտոցի +» կոչվող հայտնի հեռուստանախագծում։
Հետագա տարիներին արտիստուհին հաջողությամբ հանդես է գալիս ոչ միայն թատերական ներկայացումներում ու ֆիլմերում, այլ նաև հեռուստանախագծերում՝ նաև որպես հաղորդավարուհի։
Լուիզայի կերպարը միշտ էլ հետաքրքիր դրսևորումներ է ունեցել։ Նա այժմ էլ շատերի ուշադրության կենտրոնում է իր կերպարային փոփոխություններով, ինքնատիպ լուծումներով։
Լուիզան ընտանիք է կազմել Հրանտ Թոխատյանի հետ։ Նրանք մեկ արդեն բավականին մեծ աղջիկ ունեն՝ Լիլիթը։