Լրանում է բանաստեղծ, նկարիչ Էդվարդ Միլիտոնյանի ծննդյան ութսունվեցամյակը: Նա Գրողների միության նախագահն է 2013 թվականից:
Ավարտելով ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետը՝ Էդ. Միլիտոնյանը լայն գրական գործունեություն է ծավալել, թղթակցել գրական, մշակութային թերթերին, ամսագրերին, եղել Հայաստանի ռադիոյի տնօրեն, զբաղեցրել կարևոր պաշտոններ, որոնք սերտորեն առնչվում են մշակութային, գրական կյանքի հետ:
Այս գործունեությանը զուգահեռ՝ զբաղվել է բուռն ստեղծագործական գործունությամբ՝ հեղինակելով ավելի քան երեսուն բանաստեղծական ժողովածուներ, որոնց գրեթե կեսը թարգմանվել և տպագրվել է տարբեր լեզուներով:
Բազմաթիվ են նաև գրողի ստեղծագործությունների արժևորումները, գնահատական մրցանակները: Էդ. Միլիտոնյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում մտածողության ինքնատիպությամբ, ասելիքի ու պատկերի յուրահատուկ արտահայտությամբ:
Մեծ է նաև Էդ. Միլիտոնյանի ծավալած գործունեության արժեքը որպես ՀԳՄ նախագահ: Նա իր գործունեության ընթացքում կարևոր տեղ է հատկացնում երիտասարդ ստեղծագործողների ճիշտ գնահատմանն ու հանրահռչակմանը, մանկական գրականության զարգացմանն ու այլ կարևոր հարցերի:
Շնորհավորելով արվեստագետի ծննդյան ութսունվեցամյակը՝ ցանկանանք ստեղծագործական բեղուն գործունեության երկարատև շարունակություն: