Վեդի քաղաքում ծնված և մեծացած Անդրանիկն այսօր կդառնար քսանչորս տարեկան: Ֆուտբոլի մեծ սիրահար և ֆուտբոլային կարիերա կերտելու մեծ ձգտումներ ունեցող Անդրանիկի բոլոր երազանքները 2016 թվականի ապրիլին կիսատ ու անկատար մնացին:
Ապրիլյան հայտնի դեպքերի ժամանակ Անդրանիկը մեր մյուս հերոսների՝ Արմենակի, Ռոբերտի, Քյարամի հետ նույն խրամատում է եղել և հերոսաբար ու արժանապատվորեն պաշտպանել է իրեն վստահված դիրքը:
Իր զգացմունքները մշտապես զսպող Անդրանիկի մոտ շատ բարձր էր ինքնատիրապետումը: Ծնողները նրան հազվադեպ են հիշում լիաթող ուրախանալիս:
Զավակի վերջին ուրախության դրսևորումներից ծնողների մոտ տպավորվել է նրա վերջին ծննդյան օրվանից՝ 2015 թվականի մայիսյան առաջին արևոտ օրվանից:
Անդրանիկի երազանքներից մեկը այն էր, որ տեսնի, թե ինչպես է Հայաստանի ֆուտբոլային հավաքականը աշխարհի առաջնությունում խաղում ու հաղթում: Հիմա Վեդիում հերոսի պատվին անցկացվում է ֆուտբոլային մրցաշար, որի ամփոփիչ խաղը հենց Անդրանիկի ծննդյան օրն է լինում:
Ֆուտբոլային թիմում միշտ որպես պաշտպան, թիմի ոգին ու պատիվը պահող Անդրանիկը դիրքերում էլ էր նույն հարթության ու բարձրության վրա: