Այսօր՝ հուլիսի ութին, սիրված երգիչ Անդրեն (Անդրեյ Հովնանյան) նշում է իր ծննդյան օրը։ Նա ծնվել է 1979 թ․։
Երգչի մանկությունն անցել է Արցախի չնաշխարհիկ բնության գրկում։ Նրա երաժշտական ընդունակությունները նկատելի են եղել դեռ վաղ տարիքից։ Երեք տարեկանից երգում է։
Հարցազրույցներից մեկում երգիչը հիշելով իր մանկության օրերը՝ հուզված պատմել է, որ այդ տարիներին բեմը աթոռն էր, բարձրախոսը՝ ջերմաչափը, իսկ հանդիսատեսը՝ ընտանիքի անդամները։
Ամեն երեկո փոքրիկ Անդրեն երգել է ընտանիքի անդամների համար և ծանր ու դժվարին օրերը ջերմությամբ լցրել, հարազատներին ժպիտ պարգևել։
Ծնողները ցանկանում էին, որ որդին բժիշկ դառնա, սակայն նա երազում էր երգիչ դառնալու մասին և իր նպատակասլության արդյունքում երիտասարդ տղան կարողացավ հասնել իր երազանքին։ Անդրեն բազմաթիվ մրցանակների է արժանացել։ Նա հինգ տարի անընդմեջ ճանաչվել է լավագույն երգիչ։
Անդրեն առաջինն է ներկայացրել Հայաստանը Եվրատեսիլյան մրցույթում։ Այժմ Անդրեն ամուսնացած է և բնակվում է Ամերիկայում։ Շնորհավորում ենք երգչին և մաղթում ամենայն բարիք։