Աղջիկը պարզել է, թե ով է իր կենսաբանական հայրը՝ ժառանգաբար փոխանցվող հիվանդության մասին իմանալուց հետո

Կանադայի մայրաքաղաք Օտավայում բժիշկ Բերնարդ Նորման Բարվինը տասնամյակներ շարունակ անպտուղ կանանց բեղմնավորել է ոչ այն դոնորների սերմնահեղուկով, որոնց նրանք են ընտրել։ Բժշկին դրա համար տուգանել են։

Հունիսի 25-ին Օնտարիոյի քոլեջը, որը վերահսկում է բժշկական պրակտիկայի ստանդարտները, Նորման Բարվինին տուգանել է 10 հազար կանադական դոլարով։ Նրան նաև արգելել են աշխատել բժշկության ոլորտում և հետ են վերցրել լիցենզիան։ 80-ամյա բժիշկը չի հերքել մեղադրանքները։

2013-ին կանադացուն արդեն հեռացրել են աշխատանքից՝ երեք կնոջ սխալ սերմնահեղուկով բեղմնավորելու համար։ Այդ ժամանակ Նորման Բարվինն ասել է, որ հիվանդանոցում խառնաշփոթ է տեղի ունեցել։

Նրա ամբողջ բժշկական գործունեության ընթացքում սխալ դոնորների սերմնահեղուկներից 50-100 երեխա է լույս աշխարհ եկել։ 11 դեպքում բժիշկն, առանց պացինետների գիտության, իր սեփական սերմնահեղուկն է օգտագործել։

Գաղտնիքը բացահայտվել է, երբ արհեստական բեղմնավորմամբ ծնված երեխաներից մեկը որոշել է ուսումնասիրել իր նախնիներին։ Պարզվել է, որ նա ժառանգաբար փոխանցվող հիվանդությամբ է տառապում։

Ռեբեկա Դիքսոնը երեք տարի առաջ է իմացել, որ իր կենսաբանական հայրը Նորման Բարվինն է։ Աղջիկը խոստովանել է, որ իրեն «պղծված» է զգացել։ 29-ամյա Դիքսոնը փնտրում է իր արյունակից եղբայրներին և քույրերին։ Տվյալ պահին նա 15 հարազատի է գտել, սակայն ակնալում է, որ նրանք ավելին կլինեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: