Կորանավիրուսն առաջին անգամ բռնկվեց Չինաստանում , երկրի կառավարությունը երկար ժամանակ պայքարում էր վիրուսի դեմ, հնարավոր ամեն բան արվում էր, սակայն ամեն օր հարյուրավոր մահեր էին գրանցվում:
Աշխարհը հեռվից էր նայում արհավիրքին, բայց այն շատ արագ բոլորի դուռը բախեց: Չինաստանին սակայն հաջողվեց կանխել վիրուսի զարգացումն իր երկրում և արդեն գրեթե երկու ամիս մայրաքաղաք Պեկինում որևէ դեպք չէր գրանցվել: Սակայն օրեր առաջ Պեկինը հաղորդեց վիրուսի նոր բռնկման մասին ՝ դարձյալ շատ մեծ շուկայում: Եվ ահա դեպքերի թիվն այստեղ անցել է 130-ը:
Այս փաստը խիստ անհանգստության տեղիք է տվել ԱՀԿ-ին: Թեպետ վիրուսի օջախը հայտնաբերելուն պես Չինաստանի համապատասխան կառույցներն անցել են օպերատիվ գործողությունների, հարակից բնակելի շենքերի բնակիչները, վերջին օրերին շուկա այցելած անձանց թեստավորում է իրականացվել: Սահմանափակվել է երկրի այլ շրջանների հետ Պեկինի տրանսպորտային կապը:
Պեկինն ու Չինաստանն այս առումով , ցավոք, արդեն դառը փորձ ունեն, իրականացվող գործողություններն ավելի համակարգված են, կազմակեպված: Քաղաքի իշխանության պահանջով բոլոր ձեռնակություններում աշխատողները կարանտինի են ուղարկվել: