Վրաստանի սահմանը դեռ շարունակում է փակ մնալ բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար: Հայերի հետ տարվող բանակցությունների արդյունքում Վրաստանից մինչ այս հնարավոր է եղել Հայաստան մուտք գործել, սակայն Վրաստան գնալ դեռ չի թույլատրվում օտարերկրացիներին:
Երեկ ֆեյսբուքյան ուղիղեթերային միացման ժամանակ Վրաստանի գլխավոր համաճարակաբան Ամիրան Գամկղրելիձեն խոսել է սահմանը բացելու հնարավոր ժամկետների մասին: Որպես հնարավոր ժամկետ դիտարկվում է հունիսի 15-ը, սակայն համաճարակաբանն ասել է, որ իրենք դեռ որոշակի քննարկումների փուլում են:
Նա ասել է, որ իրենք հուլիսի մեկից պատրաստ են ընդունել իրենց արտասահմանցի հյուրերին՝ տալով զբոսաշրջության մեկնարկը, սակայն դեռևս պատրաստ չեն ընդունել այն երկրների քաղաքացիներին, որտեղ վիրուսի տարածումը շատ մեծ է:
Այսպիսով՝ վրացական կողմը պատրաստ չէ հյուրեր ընդունել այն երկրներից, որոնք այս ընթացքում մեծապես տուժել են վիրուսից և ունեն վիրուսի բավականին մեծ տարածվածություն:
Համաճարակաբանն ասել է, որ տասնօրյա ժամկետում առավել կհստակեցվի ամեն ինչ, և իրենք հանդես կգան վերջնական հայտարարությամբ: